Գիտության և տեխնոլոգիաների կենտրոն. ռուսական հեռուստաալիքը Հայաստանի մասին ռեպորտաժ է պատրաստել (տեսանյութ)
Չորեքշաբթի նախանշված Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ՌԴ այցին ընդառաջ «Ռոսիա-24» հեռուստաալիքը «Вести Недели» («Շաբաթվա լուրերը») հաղորդման շրջանակում ծավալուն ռեպորտաժ է պատրաստել Հայաստանի մասին, որի ընթացքում անդրադարձել է մեր երկրում գիտական և տեխնոլոգիական զարգացումներին:
«Հայաստանի տնտեսության յուրահատկությունն այն է, որ լեռների արանքում սեղմված Հայաստանը, որը չունի դեպի ծով ելք, ինչպես նաև՝ հարուստ բնական ռեսուրսներ, կարող է հիմնականում ապավինել միայն իր մտավոր ներուժին։ Իսկ գիտելիքահեն տնտեսությունում Հայաստանն ունի առաջարկելու բան»,- ասում է հաղորդավար Դմիտրի Կիսելյովը:
Լրագրող Ալեքսանդր Բալիցկին պատրաստած ռեպորտաժում, ներկայացնելով ՀՀ տարածքում հնագիտական պեղումների վայրը, նշում է, որ հայտնաբերված հնագույն աշխատանքային գործիքներից հետո արդեն զարմանալի չէ, թե ինչու է Հայաստանն այսօր էլ համարվում գիտության և տեխնոլոգիաների կենտրոն։
Լրագրողը ռեպորտաժի ընթացքում այցելում է նաև Բյուրականի աստղադիտարան, այնուհետև Մատենադարան, ինչպես նաև խոսում առաջին հայկական սմարթֆոնի ու թաբլեթների և բջջային խաղային հավելվածների ծրագրավորողների հետ:
Ռեպորտաժում լրագրողը նաև խոսում է Հայաստանում շախմատի նշանակության մասին, այնուհետև այցելում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:
Տեսանյութը կարող եք դիտել 1:17:19 րոպեից.










