ԼՂ կոնֆլիկտի կողմերին միջազգային հանրության կոչերում նորություն չկա․ Նարեկ Մինասյան

20:01 • 01.04.17

Միջազգային հանրության կոչերը  Ղարաբաղյան հակամարտության կողմերին լրիվ տրամաբանական են և նորություններ չեն պարունակում: Tert.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց ՄԱԿ-ի քարտուղարության և ԵԱՀԿ գործող նախագահ Սեբաստիան Կուրցի ՝  Ղարաբաղի հարցով «առարկայական բանակցություններ» վերսկսելու մասին հայտարարությունները «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Նարեկ Մինասյանը՝ նշելով, որ նմանատիպ  կոչ ՄԱԿ-ի կողմից նախկինում էլ է եղել՝ ուղղված ադրբեջանական և հայկական կողմերին:

Փորձագետը նկատեց, որ նախկինում էլ նմանատիպ հայտարարություններ եղել են: «Նախորդ տարվա քառօրյա ապրիլյան պատերազմը աննախադեպ էր իր բնույթով, մասշտաբներով, կիրառված սպառազինությամբ, և միջազգային հանրության համար ընկալվեց որպես հաղորդագրություն, որ ղարաբաղյան հակամարտությունն այլևս  սառեցված չէ, հետևաբար ամեն բան հնարավոր է, և միջազգային հանրության ուշադրությունն էլ դրա վրա սևեռվեց: Վերջին հայտարարություններում էլ  որևէ նորություն չկա։ Այլ հարց է, թե դա կողմերն ինչպես են ընկալում»,- ասաց Նարեկ Մինասյանը՝ մատնանշելով, որ, օրինակ, Ադրբեջանի նախագահը կրկին ակտիվացրել է իր ռազմական հռետորաբանությունը՝ խոսելով սպառազինության համալրումների մասին:

Նարեկ Մինասյանը նկատեց, որ միջազգային հանրության և ոչ մի հայտարարություն ազդեցություն չի ունենում Ադրբեջանի վրա, դրանք ոչ միշտ են անհրաժեշտ ուշադրության արժանանում այդ երկրի կողմից: «Միջազգային հանրության կողմից էլ դրան ի պատասխան ոչ մի կոշտ, հստակ քայլ Ադրբեջանի քաղաքականությունը զսպելու ուղղությամբ չի եղել»,- նշեց փորձագետը:

Ապրիլյան պատերազմից հետո, ըստ նրա, մի կողմից միջազգային հանրության զգոնության ավելացում, մյուս կողմից ջանքերի ակտիվացում է պետք: «Ապրիլյան պատերազմից հետո մենք նկատեցինք, որ նույն միջնորդական ձևաչափը բավականին ակտիվացվեց: Կազմակերպվեցին նախագահների հանդիպումներ, ռուսաստանյան կողմն էր բավականին ակտիվորեն աշխատում կողմերի հետ՝ միևնույն ժամանակ կապի մեջ գտնվելով մյուս համանախագահ երկրների հետ»,- հիշատակեց նա:

Միևնույն ժամանակ փորձագետը նշեց, որ պետք է հասկանանք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի զբաղվում հիմնախնդրի լուծմամբ, այլ համանախագահները ներկայացնում են առաջարկներ, և փորձում են կազմակերպել շփումները: «Թե որքանով է կողմերին հաջողվում դա կազմակերպել, որքանով՝ ոչ, այլ հարց է: Սակայն միանշանակ բանակցային ձևաչափը այլընտրանքն է պատերազմի: Այդ իսկ պատճառով բանակցությունները գերադասելի են պատերազմից»,- ասաց նա:

Նարեկ Մինասյանի խոսքով՝ այսօր բանակցային գործընթացը բավականին ակտիվացված է, կատարվում են նախապատրաստական աշխատանքները՝ կողմերի ղեկավարների հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ:

«Սակայն մյուս կողմից՝ որևէ մեկը չի կարող բացառել, որ Ադրբեջանի կողմից հնարավոր է նոր ռազմական արկածախնդրություն: Պետք է հաշվի առնել, որ տարիներ շարունակ նույն Ադրբեջանը չկարողանալով բանակցային սեղանի շուրջ իր համար ցանկալի արդյունքներ գրանցել, դիմել է ռազմական արկածախնդրության: Հետևաբար որևէ նորություն բանակցային սեղանին չկա և Ադրբեջանի բավարարվածության մակարդակը ևս էապես չի փոխվել»,- ասաց նա: