Արհեստականորեն լարում են ստեղծում. 8/11 հանձնաժողովի նախագահը հերքում է կեղծ անձնագրերով քվեարկության մասին լուրերը
Կեղծ անձնագրերով որևէ մեկը չի եղել մեր տեղամաս: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Շենգավիթ համայնքի 8/11 հանձնաժողովի նախագահ Ալիսա Փաչարյանը:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից առաջադրված պատգամավորի թեկնածուներից Անուշ Լալայանը, մասնավորապես, ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե 8/11 ընտրատեղամասում մարդիկ կեղծ անձագրերով մտնում են քվեարկության: Տվյալ հանձնաժողովի նախագահը, սակայն, Tert.am-ի հետ զրույցում հերքեց այս լուրը:
«Նման միջադեպ չի եղել: Կեղծ անձնագրով ոչ մեկ չի եկել, եթե մեկը տեսել էր, թող մոտենար ինձ ասեր: Արհեստականորեն լարում են ստեղծում, նման ոչ մի բան չկա: Մեզ մոտ հանգիստ ու խաղաղ ընտրություններ են անցնում: Շատ հետաքրքիր ընտրություններ են, աննախադեպ մասնակցություն կա առավոտից»,- ասաց Շենգավիթ համայնքի 8/11 հանձնաժողովի նախագահ Ալիսա Փաչարյանը:
Ըստ նրա՝ հանձնաժողովի անդամներից որևէ մեկը՝ ո՛չ վստահված անձերից, ո՛չ դիտորդներից, նման միջադեպի ականատես չի եղել, չեն գրանցել, որ կեղծ անձնագրերով գան կամ կրկնաքվեարկություն լինի:










