Ընտրատեղամասերում ցանցն աշխատում է անխափան, տեսանկարահանման խնդիրների համար ընկերությունը պատասխանատվություն չի կրում. պարզաբանում «Յուքոմից»

12:43 • 02.04.17

 

Մամուլում տեղ գտած ԱԺ ընտրությունների տեսանկարահանման հետ կապված մի շարք հրապարակումներին ի պատասխան «Յուքոմ» ընկերությունը պարզաբանում է և հիշեցնում.

Ընտրատեղամասերում անցկացված կապի հասանելիության ծառայությունը գործում է անխափան, «Յուքոմ» ընկերությունը պատասխանատու է միայն այս ծառայության ապահովման համար, իսկ այլ հարցերը, կապված, օրինակ` տեսախցիկների քանակի, տեղադրման, գործարկման, դրանց հետևելու կայքի աշխատանքի, տեղամասերի հասցեների ընտրության հետ, դուրս են «Յուքոմ» ընկերության գործառույթներից և ենթակա են պարզաբանման միայն «Ի ԱՅ ՍԻ Տելեկոմ» լիազոր ներկայացուցիչների կողմից։

 

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին առցանց հետևելու գործընթացը կազմակերպելու նպատակով վերջին մեկ ամսվա ընթացքում կապի տեխնոլոգիայի նորագույն միջոցներն օգտագործելով ընկերությունն իրականացրել է կապի ապահովման հսկայածավալ աշխատանքներ, ինչի արդյունքում ցանցն անխափան կերպով աշխատում է, ու ներկա պահին «Յուքոմի» 250 աշխատակիցներ ուշիուշով հետևում են կապի սահուն տրամադրման ընթացքին և ամեն վայրկյան պատրաստ են արագ արձագանքելու կապի տրամադրման հետ կապված ցանկացած խնդրի։ Ավելին՝ վաղ առավոտից ԿԸՀ առանց որևէ խնդրի դիտում է առցանց հեռարձակումը։