Հայաստանում «շրջադարձային» ընտրություններ են ընթանում. միջազգային մամուլը շարունակում է լուսաբանել խորհրդարանական ընտրությունները

18:49 • 02.04.17

Միջազգային լրատվամիջոցները շարունակում են անդրադառնալ Հայաստանում անցկացվող խորհրդարանական ընտրություններին` ընդգծելով, որ այս ընտրություններն առաջինն են սահմանադրական բարեփոխումների ընդունումից ի վեր:

Ինչպես նշում է Straits Times պարբերականը` հղում անելով Agence France Press-ին, Հայաստանի բնակչությունը քվեարկում է «շրջադարձային ընտրություններին` նախկին խորհրդային երկիրը խորհրդարանական հանրապետություն դարձնելու ճանապարհին»:

Ըստ պարբերականի`Արևմուտքն այս ընտրություններն ընկալում է որպես «ժողովրդավարության առանցքային փորձարկում ցամաքով շրջապատված և 2.9 մլն բնակչություն ունեցող այս փոքր երկրի համար»:

Ինչպես ընդգծում է աղբյուրը, հիմնական պայքարն ընթանում է ռուսամետ նախագահ Սերժ Սարգսյանի իշխող կուսակցության՝ Հանրապետականի և Գագիկ Ծառուկյանի գլխավորած ընդդիմադիր «Ծառուկյան» դաշինքի միջև:

Սահմանադրական փոփոխություններից հետո անցկացվող առաջին խորհրդարանական ընտրություններին անդրադարձել է նաև Associated Press գործակալությունը` ընդգծելով, որ հարցումների տվյալներով՝ առաջատարն է նախագահ Սերժ Սարգսյանի կուսակցությունը:

Աղբյուրը կարևորում է սահմանադրական փոփոխությունների կիրառումը, որոնք ուժի մեջ են մտնելու գործող նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտին:

Հիշեցնենք, որ միջազգային լրատվամիջոցները ՀՀ-ում մեկնարկած ընտրություններին անդրադարձել էին նաև վաղ առավոտյան: Մասնավորապես, ՌԻԱ «Նովոստի»-ն գրել է, որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից միայն «Ելք»-ն ու «Ազատ դեմոկրատներ»-ն են կողմ Արևմուտքի հետ հարաբերությունների խորացմանը: Աղբյուրը հիշեցրել է, որ «Ելք»-ը դեմ էր Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուն, մինչդեռ «Ազատ դեմոկրատներ»-ը կոչ է անում դուրս գալ ԵԱՏՄ կազմից ու փոխարենը՝ հարաբերությունները զարգացնել Եվրոպական միության հետ: Մյուս քաղաքական ուժերը կողմ են Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացմանը:


Նշենք, որ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 5 կուսակցություն. «ԵԼՔ» դաշինքը՝ «Ընտրություն, փոփոխություն, հաղթանակ», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը՝ «Ժառանգություն, համախմբում, հաղթանակ», «Ծառուկյան» դաշինքը՝ «Փոփոխությունների և կառուցելու ժամանակն է», «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը` «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն», Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ «Անվտանգություն և առաջընթաց», Հայ Յեղափոխական Դաշնակցությունը՝ «Նոր սկիզբ, արդար Հայաստան», «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը՝ «Մենք կարող ենք», «Հայկական վերածնունդ» կուսակցությունը՝ «Քվեարկի՛ր հանուն փոփոխության, քվեարկի՛ր հանուն վերածննդի», Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ «Հայրենիք, աշխատանք, սոցիալիզմ» կարգախոսներով:


2015 թվականի սահմանադրական փոփոխություններից ի վեր այսօր խորհրդարանական առաջին ընտրություններն են, որով Հայաստանն անցում կկատարի կառավարման խորհրդարանական մոդելի: