«Ելք»-ի վստահված անձը պնդում է՝ միտումնավոր փոխում են քվեաթերթիկների հերթականությունը. հանձնաժողովի նախագահը հերքում է
Վանաձորի 23/03 ընտրատեղամասում «Ելք» դաշինքի վստահված անձ Լիլիթ Կռոյանի հայտարարությամբ՝ հանձնաժողովի անդամները միտումնավոր փոխում են քվեաթերթիկների հերթականությունը:
Ըստ նրա՝ առաջին համարի տակ գտնվող «Ելքի»-ի քվեաթերթիկի փոխարեն հանձնաժողովի անդամները առաջին տեղում դնում են 6-րդ համարի տակ գտնվող Հանրապետական կուսակցության թերթիկը:
Նշենք, որ նույն խնդրի մասին բարձրաձայնել էր նաև «Ելք» դաշինքի առաջին համար Էդմոն Մարուքյանը, և հայտնել էր, որ այդ հարցով դիմելու է ԿԸՀ:
23/03 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Անուշ Լիդոյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք նման բան չեն արել. «Մենք բոլոր քվեաթերթիկները իրար հետևից դրված տալիս ենք ընտրողներին: Նման բան չկա, ես դա Ձեզ վստահեցնում եմ»:










