Ֆրանսիայի նախագահի թեկնածուն պարզաբանել է` ինչու է կողմ երկրում մարիխուանան օրինականացնելուն
Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունից նախագահի թեկնածու, կրթության նախկին նախարար Բենուա Ամոնը Parisien թերթին տված հարցազրույցում պարզաբանել է` ինչու է ինքը կողմ երկրում մարիխուանան օրինականացնելուն:
«Առաջին հերթին, խոսքը ոչ թե մարիխուանան անչափահասների համար օրինականացնելու մասին է: Սա շատ լուրջ հարց է: Չնայած մարիխուանայի արգելքին` գնալով ավելի շատ երիտասարդներ են թմրանյութեր օգտագործում և կախվածություն ձեռք բերում: Կան թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված մահեր, կան տարածաշրջաններ, որոնք գտնվում են թմրանյութերի վաճառքով զբաղվողների վերահսկողության տակ: Գնալով ավելի շատ երիտասարդներ են մարիխուանա օգտագործում առանց վերահսկողության հնարավորության` ինչ մարիխուանա են նրանք օգտագործում», - ասել է Ամոնը:
Նա նաև նշել է, որ ինքը երկու դուստր ունի և դեմ է նրան, որ նրանք թմրանյութեր օգտագործեն, օրինակ` մարիխուանա ծխեն:
«Սակայն եթե իմ դուստրը նման բան անի` անտեսելով իմ արգելքը, ես կցանկանայի, որ մարիխուանա կամ այլ բան առաջարկող դիլերի մոտ գնալու փոխարեն նա գնար մի տեղ, որտեղ նրան կնախազգուշացնեն մարիխուանա օգտագործելու վտանգների մասին: Այնպիսի տեղ, որտեղ վերահսկվում է գործածվող ապրանքն ու որտեղ ծառայություններ են տրամադրվում հանրային առողջապահության ոլորտում», - պարզաբանել է թեկնածուն:










