Մադրիդի ռեստորաններից մեկում հրաժարվել են սպասարկել ռուսական համայնքի ներկայացուցիչներին (լուսանկար)
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի ռեստորաններից մեկը հայտնվել է սկանդալի կենտրոնում, երբ հաստատության մենեջերը ռուսախոս կանանց մեծ հավաքույթի կազմակերպիչներին հայտնել է, որ «ծագումով ռուս մարդիկ չեն ողջունվում իրենց մոտ»: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` մեջբերելով Facebook-ում հրապարակված հայտարարությունը:
«Իսպանիայում հինգ տարի ապրելու ընթացքում առաջին անգամ ինձ զգացի ապարտեիդի դարաշրջանի սևամորթ հերոս: Մադրիդում բնակվող ռուսախոս կանայք պարբերաբար հավաքվում են այս կամ այն իրադարձությունը նշելու համար», - գրել է կազմակերպիչ Անաստասիա Սամոտորովան, ում միջոցառմանը հրավիրված են եղել Մադրիդում ապրող կանայք, նրանց ամուսիններն ու ընկերները:
Սամոտորովայի խոսքով` ապրիլի մեկին պետք է 100 մարդու համար երեկույթ անցկացվեր, սակայն հաստատության մենեջերը զանգել է իրեն և հայտնել, որ ամրագրումը չեղարկվել է` պատճառաբանելով, որ «ծագումով ռուս մարդիկ հաստատության ձևաչափից դուրս են և չեն ողջունվում իր ռեստորաններում»:
Նշվում է, որ Սամոտորովան խտրականության վերաբերյալ դիմում է ներկայացրել ոստիկանություն, ինչից հետո նրան զանգել է ռեստորանների ցանցի սեփականատերն ու ներողություն խնդրել իր աշխատակցի պահվածքի և շփման ձևի համար: Հաստատությունների տերը հայտնել է, որ ղեկավարությունը «ոչ մի դեպքում» համաձայն չէ «ռուսական համայնքի հասցեին հնչեցված նացիստական արտահայտությունների հետ», և առաջարկել է չչեղարկել երեկույթը` խոստանալով «հրապարակային ներողություններով հայտարարություն նախապատրաստել»:
Այնուամենայնիվ, միջոցառման կազմակերպիչները կտրականապես հրաժարվել են երեկույթն անցկացնել այդ ռեստորանում և հավաքվել են այլ մադրիդյան հաստատությունում:











