Մոսկվայում ձերբակալվել է չարտոնված ցույցի 20 մասնակից

16:39 • 02.04.17

Մոսկվայի կենտրոնում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են չարտոնված ցույցի ավելի քան 20 մասնակցի: Այս մասին հայտնում է ТАСС-ը:

Գործակալության թղթակցի տեղեկությունների համաձայն` ցույցի մասնակիցները փորձել են Տվերսկայա փողոցով հասնել Կրեմլ: Ոստիկանությունը ստիպված է եղել արգելափակել տեղաշարժը Ստարոպիմենովյան նրբանցքի մոտ և մի քանի տասնյակ մարդ ձերբակալել:

Աղբյուրի հաղորդմամբ` Տրիումֆալնայա հրապարակի մոտակայքում ուժեղացվել են անվտանգության միջոցները: Իրավապահ մարմինների աշխատակիցները բարձրախոսների միջոցով ցուցարարներին կոչ են անում լքել տարածքը, ինչպես նաև հետ են մղում նրանց երթևեկելի մասից:

Նշվում է, որ Մանեժնայա հրապարակում ձերբակալվել է ևս 7 մարդ: Երիտասարդները գտնվում են մոտակայքում կայանած ոստիկանական ավտոբուսում: