NHL-ի ակումբի դարպասապահը կորցրել է գիտակցությունը խաղի ժամանակ (տեսանյութ)
Ամերիկյան «Ֆիլադելֆիա Ֆլայերս» հոկեյի ակումբի դարպասապահ Միխալ Նոյվիրտը կորցրել է գիտակցությունն ամերիկյան «Նյու Ջերսի Դևիլս» ակումբի հետ խաղի ժամանակ, որն անցկացվել է NHL-ի (Հոկեյի ազգային լիգա) հերթական առաջնության շրջանակում: Միջադեպի տեսագրությունը հրապարակվել է YouTube-ի HABS ET LNH ալիքում:
Lenta.ru-ն գրում է, որ Նոյվիրտը սառույցի վրա է ընկել առաջին խաղաշրջանի կեսին, երբ խաղն ընթացել է դաշտի մյուս կեսում: Խաղը դադարեցվել է, հերթապահ բժիշկներն առաջին օգնություն են ցուցաբերել և ուշքի բերել նրան:
Նշվում է, որ դարպասապահը պատգարակով հեռացվել է խաղադաշտից: Հանդիպումն ավարտվել է «Ֆիլադելֆիա Ֆլայերս» ակումբի հաղթանակով` 3:0 հաշվով:










