Պակիստանում տաճարի վերակացուն 20 ծխականի է սպանել
Պակիստանի Փանջաբ նահանգի Սարգոդա քաղաքի սուֆիյական տաճար-դամբարանում 20 մարդ է սպանվել, մի քանիսը վիրավորվել են:
Ինչպես տեղեկացնում է BBC News-ը, ոստիկանության ներկայացուցչի խոսքով` հանցագործության գլխավոր կասկածյալը տաճարի վերակացուն է: Փրկվածներից մեկը ոստիկանությանը պատմել է, որ վերակացուն մեկ առ մեկ իր սենյակ է կանչել հավատացյալներին և նրանց թունավոր ուտելիք տվել:
Հաղորդվում է, որ այդ ուտելիքը տալուց հետո վերակացուն մերկացրել է իր զոհերին և կտտանքների ենթարկել: Տեղի հիվանդանոցից հայտնել են, որ զոհերի մեծ մասի մարմիններին փայտով հավածի հետքեր և դանակի վերքեր են հայտնաբերվել:
Ոստիկանության ներկայացուցչի խոսքով` ձերբակալված վերակացուն իր գործողությունները մեկնաբանել է այն հանգամանքով, որ նախկինում ծխականները փորձել են թունավորել իրեն:










