Իսպանիան խոստացել է չխանգարել Շոտլանդիային մուտք գործել ԵՄ` Մեծ Բրիտանիայից անկախանալու դեպքում
Իսպանիայի արտաքին գործերի նախարար Ալֆոնսո Դաստիսը հայտնել է, որ երկիրը չի օգտագործի վետոյի իր իրավունքն այն դեպքում, եթե Շոտլանդիան դուրս գա Մեծ Բրիտանիայի կազմից և Եվրոպական միություն մուտք գործելու հայտ ներկայացնի: Այս հայտարարությունը նա արել է El Pais հրատարակությանը տված հարցազրույցում, որին անդրադարձել է Reuters գործակալությունը:
«Չեմ կարծում, որ մենք կարգելափակենք Շոտլանդիայի ընդունումը Եվրոպական միություն: Տվյալ դեպքում պետք չէ զուգահեռներ անցկացնել Կատալոնիայի հետ, քանի որ Շոտլանդիայում հանրաքվեն անցկացվել է՝ համաձայն օրենքի, այնինչ իսպանական սահմանադրությունը չի նախատեսում նման քվեարկություն», - ասել է Դաստիսը:
Նա նաև նշել է, որ Ջիբրալթարի հարցը մնում է «ամենաանորոշ» հարցերից մեկը Brexit-ի մասին բանակցությունների շրջանակում, սակայն, նրա խոսքով, «արդյունքում կողմերը համաձայնության կգան»: Նա հավաստիացրել է, որ Իսպանիան, ի տարբերություն Մեծ Բրիտանիայի, ԵՄ-ի ապագան տեսնում է ինտեգրման խորացման մեջ:










