Նախնական տվյալներով՝ ՀՀԿ-ն ունի բոլոր շանսերը կառավարություն կազմելու. Է. Շարմազանով

01:09 • 03.04.17

Կարող ենք շնորհավորել մեր հասարակությանը, բոլոր քաղաքական ուժերին, որ ՀՀ-ին հաջողվեց նոր Ընտրական օրենսգրքի հիման վրա կազմակերպել ժողովրդավարական, թափանցիկ, մրցակցային ընտրություններ. քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ շեշտելով, որ արդեն ապրիլի 3-ն է և ՀՀ-ում տեղի ունեցան ԱԺ ընտրություններ:

«Սա բոլորիս հաջողությունն է, և անկախ նրանից, թե քանի դաշինք ու կուսակցություն կլինի, ժողովրդավարության հաղթանակը ՀՀ-ում անքննելի փաստ է, բազմակարծության ու պառլամենտարիզմի զարգացման ճանապարհով է գնում Հայաստանը»,-ասաց նա: 

Շարմազանովը նշեց, թե առաջին տվյալները ստանում են, թեև չի ցանկանում շտապել, բայց ըստ նրա՝ «տենդենցը բավական դրական է ՀՀԿ-ի համար»: 

«Կան էքզիթ փոլի տվյալները, և անվիճելի է, որ ՀՀԿ-ն ընտրական մարաթոնի առաջամարտիկն է»,-հայտարարեց նա: 

Նա հավելեց, որ չի եղել գեթ մեկ ահազանգ, որի հետևից իրավապահ մարմինները, ԿԸՀ-ի ներկայացուցիչները, ՄԻ պաշտպանը, իշխանությունը չարձագանքեն. «Նաև իրենց եմ շնորհավորում, որ նաև իրենց մասնակցությամբ կարողացանք ունենալ այնպիսի օրենսգիրք, որով արձանագրվեց, որ ժողովրդավարությունն արդեն ՀՀ-ում է»: 

ԱԺ փոխնախագահը կոչ արեց բոլորին մի կողմ դնել նեղ անձնական, կուսակցական շահը և առաջնորդվել ՀՀ-ի շահով: 

Կոալիցիայի կազմել-չկազմելու վերաբերյալ նա ասաց, որ դեռ չի ցանկանում շտապել, բայց նախնական տվյալներով պարզ է դառնում, որ ՀՀԿ-ն ունի բոլոր շանսերը կառավարություն կազմելու: ՀՅԴ-ի մասով նա նշեց, որ գործընկերային հարաբերությունները երկարաժամկետ են, ռազմավարական են. «Աստված տա հաջողություն ունենան ու կքննարկենք հետագա համագործակցությունը»: