Քյարամս մի օր դուռը կբացի ու կգա, ես սպասում եմ. Քյարամ Սլոյանի մայր (տեսանյութ)

19:42 • 04.04.17

Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի ինքնապաշտպանական մարտերի մասնակից Քյարամ Սլոյանի ընտանիքը դեռ սպասում է նրան:

«Ես դեռ սպասում եմ իմ որդուն, սպասում եմ, որ մի օր դուռը բացելու է ու ներս մտնի, ես գիտեմ, թե նա դեռ ծառայում է»,- Tert.am-ի հետ զրույցում հուզմունքը մի կերպ զսպեց Քյարամ Սլոյանի մայրը՝ Նվարդ Սլոյանը:

Ապրիլյան պատերազմի զոհ դարձած Քյարամ Սլոյանի մայրը մեծ զգուշավորությամբ է մոտենում որդու իրերին, լուսանկարներին, որոնց թվում նաև որդու ծառայակից ընկերների լուսանկարներն են, այդ թվում՝ ապրիլյան պատերազմի զոհ դարձած կապիտան Արմենակ Ուրֆանյանի լուսանկարը. «Ուրֆանյանը Քյարամիս հրամանատարն էր, շատ մտերիմ էին իրար հետ, ինչ տարբերություն, ինքն էլ է զոհվել»,- ասաց տիկին Նվարդը:

Քյարամ Սլոյանին նվիրված  անկյունում դրված էր նաև Աֆղանստանի պատերազմի մասնակից հայ հետախույզ Բաղդասարյանի մեդալը, որը Հայաստանից միայն ինքն է ստացել. «Երբ որդուս դեպքը տեղի ունեցավ, մի քանի օր անց Բաղդասարյանը եկավ և այդ մեդալը տվեց մեզ, ասելով, որ Քյարամ Սլոյանն արժանի է այդ մեդալին»:

Առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանը, ուսապարկը, եղբոր նկարած գծանկարը, ավագ եղբորը՝ Համիկին նվիրած ժամացույցը, համազգեստն ու բոլոր անձնական իրերը հավաքվել են մեկ անկյունում. «Քյարամս մի օր դուռը կբացի ու կգա, ես սպասում եմ»,-ասաց մայրը:

Քյարամ Սլոյանի եղբայրը ևս նույն թաքուն հույսն ունի. «Մենք եղբայրներով սպասում ենք նրան, Քյարամը մի օր կգա»:

Տեսախցիկների առաջ չասաց, բայց Քյարամի երկու եղբայրներն ու քրոջ տղան մարտ ամսին, երբ սահմանին զոհ է եղել, գնացել և գրվել են որպես կամավորներ, միայն նշեց ապրիլյան պատերազմից հետո նաև մեկ այլ բանի է կարոտել. «Մեկ տարի է մորս դեմքին ժպիտ չեմ տեսել, կարոտել եմ մորս ժպիտը»:

Նշենք, որ Քյարամ Սլոյանը ծնվել էր 1996 թվականի ապրիլի 27-ին: 2016 թվականի ապրիլի մեկի լույս ապրիլի 2-ի գիշերը ապրիլյան քառօրյա պատերազմի մեկնարկին զոհվել էր Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի ինքնապաշտպանական մարտերի մասնակցելիս: Նրա զորացրվելուն մնացել էր երկու ամիս:

2016 թվականի մայիսի 28-ին Քյարամ Սլոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի Հայաստանի Հանրապետության պետական շքանշանով։

Այլ մանրամասները՝ տեսանյութում: