Հաքերները կազմակերպել են «YouTube-ի պատմության խոշորագույն կոտրումը»

17:00 • 14.04.17

OurMine հաքերային խմբավորումը կոտրել է YouTube-ի հազարավոր հաշիվներ` ներառյալ մի շարք հայտնի բլոգերների էջեր: Այս մասին հայտնում է The Sydney Morning Heraldը:

Աղբյուրի հաղորդմամբ` չարագործները տեսանյութերի վերնագրերին ավելացրել են իրենց խմբավորման անվանումն ու հաղորդագրություն թողել` բացատրելով, որ «կոտրումը կապված է անվտանգության ստուգման հետ»: Նրանք նաև գրել են, որ տեղի ունեցածը «YouTube-ի պատմության խոշորագույն կոտրումն է»:

Նշվում է, որ միջադեպի հետևանքով տուժել է Studio71 ընկերությունը, որը YouTube-ում ներկայացնում է ավելի քան 1,2 հազար ալիք: Հաքերային հարձակման հետքերը կարելի է գտնել RomanAtwoodVlogs, JustKiddingNews և Wranglerstar ալիքներում:

Բլոգերներից մեկի խոսքով` YouTube-ն արդեն հոգ է տանում կոտրված հաշիվների պաշտպանության համար և պնդում, որ հաքերներին չի հաջողվել գողանալ գաղտնի տեղեկությունները:

OurMine խմբավորումը շատերին ծանոթ է հայտնի մարդկանց հաշիվները կոտրելու համար: Հաքերներն ամեն անգամ հաղորդագրություն են թողնում այն մասին, որ անվտանգության ստուգում են անցկացնում, և որոշակի գումարի դիմաց իրենց ծառայություններն առաջարկում պաշտպանության ամրապնդման հարցում:

Հաքերները կազմակերպել են «YouTube-ի պատմության խոշորագույն կոտրումը»