Tesla-ն հայտնել է առաջին բեռնատարի թողարկման ժամկետը
Ամերիկյան Tesla ընկերության գլխավոր տնօրեն Իլոն Մասկն իր թվիթերյան էջում հայտնել է ընկերության առաջին բեռնատարի թողարկման ժամկետը: Նրա խոսքով` բեռնատարը կներկայացվի 2017 թվականի աշնանը:
«Tesla-ի բեռնատարը կներկայացվի սեպտեմբերին: Թիմը հիանալի աշխատանք է իրականացրել: Սա իսկապես նոր մակարդակ է», - գրել է Մասկը Twitter-ում:
Գրառման մեկնաբանություններում Մասկը նաև պատմել է, որ ընկերությունը մտադիր է ներկայացնել Tesla պիկապն ու ռոդսթերը:
Ենթադրվում է, որ բեռնատարը կհագեցվի ինքնակառավարվող համակարգով, որն առկա է ընկերության մյուս ավտոմեքենաներում:
Հայտնի է, որ ամերիկյան Tesla Motors ընկերությունը զբաղվում է էլեկտրամոբիլների արտադրությամբ։ Ընկերության գլխամասային գրասենյակը տեղակայված է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սիլիկոնային հովտում:










