Աստղագիտության ոլորտում կադրային լուրջ խնդիրներ կան. Արեգ Միքայելյան
ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի նորընտիր տնօրեն Արեգ Միքայելյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ Բյուրականի աստղադիտարանում շատ գործեր կան անելու։ Նա առաջնային խնդիրներ է համարում աստղագիտության զարգացումը, միջազգային կապերի ամրապնդումը, նոր կապերի ստեղծումը, միջազգային ծրագրերին մասնակցելը:
Ինչ վերաբերում է այս ծրագրերի ֆինանսավորմանը, ապա նա ասաց, որ մեկը գիտական ֆինանսավորումն է, որը ճկուն համակարգ է, և կան լրացուցիչ խրախուսման ձևեր՝ Գիտության պետական կոմիտեի կողմից սահմանված: Արեգ Միքայելյանը նաև կարևորեց միջազգային գիտական դրամաշնորհները։
«Կադրային լուրջ խնդիրներ կան ընդհանրապես աստղագիտության ոլորտում, քանի որ նոր կադրերով համալրումը դանդաղ է տեղի ունենում, և նախկին կադրերը գնալով ծերանում են»,-ասաց նա և նշեց, որ խորհրդային տարիներից հետո գիտաշխատողների թիվը երեք անգամ պակասել է:
«Բյուրականի դեպքում մենք տեսնում ենք համալրումն ինչպես երիտասարդ կադրերով, այնպես էլ արտասահմանյան՝ մեր շատ գործընկերների՝ մասնավորապես հայազգի գիտնականների հետ կապեր հաստատելով և բարեկամական կապերը օգտագործելով»,-ասաց աստղադիտարանի տնօրենը։
Անդրադառնալով Հայաստանի՝ տարածաշրջանի աստղագիտության կենտրոն լինելուն՝ Արեգ Միքայելյանն ասաց, որ դա նախ և առաջ հեղինակություն է Հայաստանի համար և նշեց, որ բազմաթիվ միջոցառումներ, գիտաժողովներ, ակտիվություն վերջին երկու տարիներին արդեն նկատվում է: Արեգ Միքայելյանը հավելեց, որ աստղագիտական տուրիզմի ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են:










