Գիտնականները պարզել են` ինչպիսի տեսք են ունեցել կանայք 13 հազար տարի առաջ (լուսանկար)

19:00 • 17.04.17

Ավստրալացի հնէաբանները վերականգնել են Թայլանդում 13 հազար տարի առաջ ապրած կնոջ դեմքի ձևը և էական տարբերություններ չեն գտել նրա և Հարավարևելյան Ասիայի ժամանակակից կանանց միջև: Այս մասին ասվում է Antiquity ամսագրում հրապարակված հոդվածում:

«Մենք չենք օգտագործել դեմքի վերականգնման մեթոդները: Դրանք շատ տարածված են, սակայն դեռ 2002 թվականին մեր գործընկերները ցույց են տվել, որ այդ մեթոդը գիտականորեն ճշգրիտ չէ: Դրանից բացի, դեմքի բոլոր թանգարանային վերականգնումները սովորաբար արվում են որոշակի ոճի մեջ, որը հիմնված է ոչ թե իրական տվյալների, այլ «վայրի մարդկանց» վերաբերյալ նախադարվինյան պատկերացումների վրա», - պատմել է գիտնական Սյուզան Հայեսը:

Հայեսի խոսքով` ինքն ու իր գործընկերները մշակել են վերականգնման սկզբունքայնորեն այլ մեթոդաբանություն, որը հիմնված է ոչ թե մկանների տեղակայության, այլ տարբեր կետերում դեմքի մկանների հաստության և գանգի ոսկորների հարաբերակցության վրա:

Այս կերպ ուսումնասիրելով և վերլուծելով 25 տարբեր երկրների 720 կնոջ տվյալներ, գիտնականների խումբը վերականգնել է մոտ 13 հազար տարի առաջ Թայլանդի քարանձավներից մեկում ապրած կնոջ կերպարը:

Այսօր որոշ գիտնականներ կարծում են, որ այն ժամանակաշրջանի մարդիկ շատ կոպիտ դիմագծեր են ունեցել, սակայն վերջին հետազոտության արդյունքում պարզվել է, որ այդ կարծիքը չի համապատասխանում իրականությանը:

Գիտնականները պարզել են` ինչպիսի տեսք են ունեցել կանայք 13 հազար տարի առաջ (լուսանկար)