Facebook-ը խուլ օգտատերերին կսովորեցնի «լսել» մաշկի միջոցով. TechCrunch
Facebook սոցցանցի ստորաբաժանումներից մեկն աշխատում է տեխնոլոգիայի ստեղծման վրա, որը խուլ մարդկանց հնարավորություն կտա հնչյունները ճանաչել մաշկի միջոցով: Այս մասին հայտնում է TechCrunch-ը:
Նոր մշակումների բաժնի ղեկավար Ռեգինա Դուգանի խոսքով` մասնագետներն աշխատում են ապարատային և ծրագրային լուծումների վրա, որոնք կարող են մարդկանց շրջապատող ձայները վերածել վիբրացիաների, որոնք այնուհետև կարելի է ընկալել մաշկի միջոցով:
Նշվում է, որ ուղեղն անմիջականորեն կընկալի ապարատի ստեղծած որոշակի հաճախականությունները` առանց լսողական օրգանների կողմից մշակման անհրաժեշտության:
Դուգանը սպասվող նորույթը համեմատել է ականջի խխունջի հետ: Նրա կարծիքով` նմանատիպ տեխնոլոգիաները կարելի է համեմատել բրայլյան գրատեսակի կիրառման հետ:
Աղբյուրի հաղորդմամբ` առաջին հրապարակային ցուցադրության ժամանակ ապարատը կարողացել է իմպուլսների վերածել 10 բառ, ինչպես նաև` դրանց համակցությունները: Արդյունքում փորձի մասնակցին հաջողվել է «լսել» բոլոր հեռարձակվող արտահայտությունները:














