Իլոն Մասկը մտադիր է «հեռազգացության» տեխնոլոգիա ստեղծել

14:38 • 21.04.17

Կանադա-ամերիկացի ինժեներ, նախաձեռնող, գյուտարար և միլիարդատեր Իլոն Մասկին պատկանող Neuralink Corp ընկերությունը կարող է ապագայում տեխնոլոգիա և սարք ստեղծել, որը թույլ կտա տարածության վրա մտքերով փոխանակվել` առանց զրույցի: Այս մասին Մասկը հայտնել է Wait But Why կայքին տված հարցազրույցում:

«Ըստ էության, դուք հեռազգացությամբ կզբաղվեք ձեր համաձայնությամբ: Ստիպված չեք լինի հնչեցնել ձեր մտքերը, միայն եթե չեք ցանկանում հետաքրքրություն ավելացնել զրույցին», - ասել է նա:

Աղբյուրի հաղորդմամբ` ի սկզբանե ընկերությունը կզբաղվի տեխնոլոգիաների մշակմամբ, որոնք կօգնեն կաթվածի կամ քաղցկեղային ուռուցքի հեռացման վիրահատության հետևանքով գլխուղեղի վնասվածքներ ունեցող մարդկանց: Տեխնոլոգիան կօգնի կաթվածահար եղած, ինչպես նաև` տարիքի պատճառով հիշողության խնդիրներ ունեցող մարդկանց: Մասկի խոսքով` առաջին սարքը կհայտնվի շուկայում արդեն չորս տարի անց:

«Կարծում եմ` 8-10 տարի անց այս տեխնոլոգիայից կարող են օգտվել նաև առողջ մարդիկ: Կարևոր է նշել, որ դա մեծապես կախված է ժամանակից, որը կպահանջվի կարգավորիչների հաստատման համար, և նրանից` ինչպես մեր սարքերը կաշխատեն սահմանափակ կարողություններով մարդկանց դեպքում», - ասել է Մասկը:

Գյուտարարը ենթադրում է, որ մարդը պետք է սովորի իր միտքն ինտեգրել համակարգիչների հետ` մինչև արհեստական բանականության ստեղծումը:

«Առաջընթացի արագությունն այդ ուղղությամբ շատ կարևոր է», - հավելել է Մասկը:

Իլոն Մասկը մտադիր է «հեռազգացության» տեխնոլոգիա ստեղծել