ԱՄՆ-ում ռուս պատգամավորի որդուն կիբեռխարդախության համար դատապարտել են 27 տարվա ազատազրկման

13:38 • 22.04.17

ՌԴ քաղաքացի Ռոման Սելեզնյովը, որն ԱՄՆ-ի կողմից մեղադրվում էր կիբեռխարդախություններ իրականացնելու համար, Վաշինգտոնի նահանգի Սիեթլ քաղաքում դատապարտվել է 27 տարվա ազատազրկման, գրում է ռուսական РИА Новости գործակալությունը:


Պետդումայի պատգամավոր Վալերի Սելեզնյովի որդին մեղավոր է ճանաչվել կրեդիտային քարտերի համարները գողանալու և դրանք «սև շուկայում» վերավաճառելու համար։ Համաձայն մեղադրող կողմի՝ հաքերի գործողությունները կրեդիտային կազմակերպություններին մոտ 170 մլն դոլարի վնաս են հասցրել։ 


Սելեզնյովը ձերբակալվել էր 2014 թվականին Մալդիվյան կղզիներում և տեղափոխվել ԱՄՆ։


Գործակալությունը հայտնում է, որ Ռուսաստանի քաղաքացին ունի լուրջ առողջական խնդիրներ և հնարավոր է՝ չապրի մինչ պատժի այդ աննախադեպ ժամկետի ավարտը:

vesti.ru կայքին տված հարցազրույցում Սելեզնյովը նշել է, որ դա իր համար մահապատժին հավասարազոր դատավճիռ է:

Հայտնի է նաև, որ մինչ դատավճռի կայացումը Սելեզնյովը հանդես է եկել ամերիկյան դատարանում մեղայականով և գրել խոստովանական ցուցմունք, սակայն դատավճռի կայացման հարցում դա որևէ կերպ հաշվի չի առնվել որպես մեղմացուցիչ հանգամանք, գրում է ռուսական գործակալությունը։

Ամերիկացի դաշնային դատախազ Անեթ Հեյսը լրատվամիջոցներին հայտնել է, որ 27 տարվա ազատազրկումը մինչ օրս ԱՄՆ-ում եղած ամենաերկարատև վճիռն է կիբեռհարձակումներ գործած մարդու նկատմամբ:

ԱՄՆ-ում ռուս պատգամավորի որդուն կիբեռխարդախության համար դատապարտել են 27 տարվա ազատազրկման