Google-ի հիմնադիր Լարի Փեյջի ստեղծած թռչող մեքենաները 2017թ. կհանվեն վաճառքի (լուսանկարներ, տեսանյութ)
Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերության հիմնադիրներից մեկի՝ Լարի Փեյջի Kitty Hawk բրենդի արտադրած թռչող մեքենաներն այս տարվանից հասանելի կլինեն վաճառքի համար:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, այս մասին հաղորդվել է ընկերության պաշտոնական կայքում:
Հայտնի է, որ թռչող մեքենաները կկոչվեն Kitty Hawk: Դրանք կլինեն էլեկտրական ու կկշռեն մոտ 100 կգ: Թռչող մեքենան օդում կկարողանա առավելագույնը զարգացնել 40 կմ/ժ արագություն:
Դրանց առավելություններից մեկն այն կլինի, որ թռչող մեքենաները վարել սովորելու համար կպահանջվեն հաշված րոպեներ:
Նշենք, որ առայժմ ներկայացվել է միայն Kitty Hawk-ի նախնական մոդելը, որը կարող է առավելագույնը բարձրանալ 10 մ-ի վրա:
Աղբյուրը նկատում է, որ նախնական մոդելն այդքան էլ նման չէ մեքենայի: Սակայն վաճառքում հայտնվելիք մոդելը նման կլինի սովորական մեքենայի։













