Samsung-ի նոր հավելվածը կպատասխանի ավտոմեքենա վարող օգտատիրոջ SMS-ներին

14:47 • 27.04.17

Հարավկորեական Samsung ընկերությունը մշակում է In-Traffic Reply հավելվածը, որն ավտոմատ կերպով կպատասխանի մուտքային հաղորդագրություններին, մինչ հասցեատերն ավտոմեքենա է վարում: Այս մասին հայտնում է Mashable-ը:

Աղբյուրի հաղորդմամբ` In-Traffic Reply հավելվածի միջոցով սմարթֆոնի սենսորներն ու GPS ազդանշանը «կռահում են»` երբ է օգտատերն ավտոմեքենա վարում կամ հեծանիվ քշում և ավտոմատ կերպով պատասխանում բոլոր հաղորդագրություններին` նախապես ընտրված շաբլոնով:

Նշվում է, որ ներկա պահին հավելվածը փորձարկվում է Նիդեռլանդներում և պատասխանների երկու տարբերակ է առաջարկում. ստանդարտ` «ես ավտոմեքենա եմ վարում, չեմ կարող պատասխանել» և անիմացիայով զվարճալի տարբերակ:


Դեռևս հայտնի չէ` ինչպես կաշխատի հավելվածը: Samsung-ը չի բացահայտել` ինչպես հավելվածը կտարբերի ավտոմեքենաների վարորդներին հետիոտներից, սակայն պարզաբանել է, որ նորույթի համեմատաբար պարզ գործառույթները թույլ կտան վարորդների շրջանում կանխել վարելու ժամանակ հաղորդագրություններ գրելը:

 

 

Samsung-ի նոր հավելվածը կպատասխանի ավտոմեքենա վարող օգտատիրոջ SMS-ներին