Ճշմարտությունը պետք է բացահայտվի, մեղավորները՝ պատասխանատվություն կրեն. ՀՀ ՓՊ նախագահը փաստաբանների մասնակցությամբ միջադեպի մասին

17:26 • 27.04.17

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հանդես եկել հայտարարությամբ՝ փաստաբան Տիգրան Աթանեսյանի աշխատասենյակում տեղի ունեցած միջադեպի մասով և անդրադարձել է նաև փաստաբան Տիգրան Աթանեսյանի հայտարարությանը, ըստ որի՝ հարձակումը եղել է Փաստաբանների պալատի նախագահի հրահանգով:

Արա Զոհրաբյանի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը դատապարտում է ցանկացած բռնություն, ինչպես նաև վիրավորանք և զրպարտություն պարունակող հայտարարությունները և հրապարակումները, առավել ևս, երբ կողմերը փաստաբաններ են։

Անշուշտ ճշմարտությունը պետք է բացահայտվի, իսկ մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության։

Միևնույն ժամանակ հորդորում ենք զերծ մնալ զգացմունքային և չստուգված հայտարարություններից և միակողմանի տեղեկատվության հիման վրա կարծիք չձևավորել»։

Հիշեցնենք, որ փաստաբան Տիգրան Աթանեսյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ հարձակման է ենթարկվել իր գրասենյակում։ Tert.am-ի հետ զրույցում նա ասել էր, որ սենյակում հարձակման պահին եղել է փաստաբան Արմեն Սողոմոնյանի հետ:

«Հարձակվողներն են ՀՀ Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Վրեժ Խաչիկյանը, ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Գևորգ Մկրտչյանը և ոմն Արսեն։ Իմ վնասվածքները թեթև են, իսկ Արմեն Սողոմոնյանը բավական լուրջ վնասվածքներ ունի՝ հասցված կտրող-ծակող գործիքով»,-ասել էր նա։