Մարդկությունը կանգնած է արտերկրային կյանքի բացահայտման շեմին. ՆԱՍԱ

13:07 • 27.04.17

ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության՝ ՆԱՍԱ-ի տնօրենի օգնական Թոմաս Ցուրբուխենը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ մարդկությունը կանգնած է արտերկրային կյանք բացահայտելու շեմին:

«Թեև մենք դեռևս չենք գտել այլ վայրերում կյանքի գոյության ակնհայտ ապացույցներ, մեր հետազոտողները տեսանելի առաջընթաց են արձանագրել, իսկ աստղակենսաբաննները գնալով ավելի շատ են մասնակցում ՆԱՍԱ-ի առաքելություններին»,-նշել է Ցուրբուխենը:

Նրա խոսքով՝ ՆԱՍԱ-ն ակտիվ աջակցում է այն հետազոտություններին, որոնք ուղղված են մոլորակի սահմաններից դուրս կյանքի գոյության նշաններ գտնելուն:

Իր խոսքում Ցուրբուխենը հիշեցրել է վերջերս ՆԱՍԱ-ի իրականացրած կարևոր հայտնագործության մասին, ըստ որի՝ գիտնականները Երկրի նմանությամբ 7 նոր մոլորակ են հայտնաբերել: Դրանք պտտվում են TRAPPIST-1 անվանումը ստացած զով աստղի շուրջը, որը մեզանից գտնվում է 40 լուսնային տարի հեռավորությամբ:

Նոր արեգակնային համակարգի հայտնագործության մասին ՆԱՍԱ-ի գիտնականները հաղորդել են փետրվարին:

Մեր արեգակնային համակարգից դուրս նման հայտնագործությունը հազվագյուտ երևույթ է, քանի որ բոլոր մոլորակները չափսերով նման են Երկրին և բարեխառն պայմաններ ունեն, ինչը նշանակում է, որ դրանց մակերեսին ևս կարող է ջուր և պոտենցիալ կյանք լինել:

Բելգիայի Լյեժի համալսարանի աստղագետ Մայքլ Գիլոնի խոսքով` սա առաջին անգամն է, որ այդքան շատ թվով մոլորակներ են հայտնաբերվել, որոնք պտտվում են միևնույն աստղի շուրջը: Բոլոր 7 էկզոմոլորակները պտտվում են TRAPPIST-1 անվանումն ստացած զով աստղի շուրջ:

Մարդկությունը կանգնած է արտերկրային կյանքի բացահայտման շեմին. ՆԱՍԱ