Ամերիկացի գիտնականները շենքեր կառուցող ռոբոտ են ստեղծել (տեսանյութ)
ԱՄՆ-ի Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողները ռոբոտ են ստեղծել, որն ի վիճակի է ցանկացած չափի օբյեկտներ կառուցել, այդ թվում` շենքերի պատեր: Digital Construction Platform կոչվող սարքի հնարավորությունները ցուցադրող տեսանյութը հրապարակվել է ուսումնական հաստատության կայքում:
Աղբյուրի հաղորդմամբ` նախագծում օգտագործվող տեխնոլոգիան հիշեցնում է եռաչափ տպագրությունը, սակայն տվյալ դեպքում շինարարության համար անհրաժեշտ նյութերը սարքից դուրս բերող մասը գտնվում է ոչ թե դրա ներսում, այլ մեխանիկական «ձեռքի» վրա: Սա ռոբոտին հնարավորություն է տալիս անհրաժեշտ նյութերը տեղադրել ցանկացած չափի մակերևույթի վրա:
Նշվում է, որ համակարգի ինքնավարությունն ապահովելու համար մշակողներն այն հագեցրել են 100 վատ հզորությամբ երկու արևային մարտկոցով, որոնք սնուցում են հիմնական և լրացուցիչ մարտկոցները:
Նախնական փորձարկումների ընացքում կառուցվել է 3,6 մետր բարձրությամբ և 15 մետր տրամագծով գմբեթային կառույցի հիմքը: Հիմնական շինանյութ է եղել պոլիուրեթանային փրփուրը: Շինարարությունը տևել է առնվազն 13 ժամ:










