Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակցուհին ամուսնացել է ԻՊ գրոհայինի հետ. CNN
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակցուհին 2014 թվականին մեկնել է Սիրիա և ամուսնացել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինի հետ։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ թարգմանիչ Դանիելա Գրինը ՀԴԲ-ին կեղծ տեղեկություններ է տրամադրել իր մեկնելու վայրի մասին և իր նոր ամուսին Դենիս Կասպերտին նախազգուշացրել նրա դեմ տարվող քննության մասին։
Ամենայն հավանականությամբ, մի քանի շաբաթ անց Գրինը հասկացել է, որ սխալ է գործել, և վերադարձել է ԱՄՆ, որտեղ համաձայնել է համագործակցել հատուկ ծառայությունների հետ։
Նշվում է, որ կինը խոստովանել է կեղծ վկայություն տալու մեղքը, դատապարտվել երկու տարի ժամկետով ազատազրկման և ազատ արձակվել 2016 թվականի ամռանը։
Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ Կասպերտը գերմանացի ռեփեր-իսլամիստ է եղել, որը համարվել է ամենաազդեցիկ գրոհայիններից մեկը, ինչպես նաև նկարահանվել ԻՊ քարոզչական տեսանյութերում։










