Ոչ դիմում եմ ներկայացրել, ոչ էլ մանդատից հրաժարվել եմ. Խաչիկ Մանուկյանն առավոտյան կճշտի՝ որտեղից է հայտնվել դիմումը
Բայց ես չեմ հրաժարվել, ոչ էլ դիմում եմ ներկայացրել. Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված Խաչիկ Մանուկյանը, ով, ըստ ԿԸՀ հրապարակած ցանկի, այն անձանց թվում է, ովքեր հրաժարվել են պատգամավորական մանդատից:
«Դե, երևի սխալվել են, որովհետև ես ոչ դիմում եմ ներկայացրել, ոչ էլ հրաժարվել եմ»,-ասաց նա:
Հարցին, թե հնարավո՞ր է իր փոխարեն մեկ ուրիշը ստորագրեր և ներկայացներ ինքնաբացարկ, Խաչիկ Մանուկյանը պատասխանեց, թե չի կարող ասել. «Ես ինքս չեմ արել, եթե իրենց մոտ կա, ուրեմն ինչ-որ մեկը արել է չէ՞: Համենայնդեպս ես չեմ, ոչ դիմում եմ ներկայացրել, ոչ ինքնաբացարկ, ոչ էլ մանդատից հրաժարվել եմ: Եթե ասում են կա, ուրեմն իրենք պետք է ասեն չէ՞»,-ասաց Մանուկյանը և հավատացրեց, թե նման խոսակցություն չի էլ եղել նախապես, և ինքը ինֆորմացիային ծանոթացել է, ինչպես բոլորը, ԿԸՀ հրապարակումից հետո:
Հարցին, թե չի՞ զանգել պարզաբանում խնդրելու «Ծառուկյան» դաշինքից, Մանուկյանը պատասխանեց. «Բայց ինչի՞ համար տեղեկանամ, իմաստը ո՞րն ա, եթե կա օրենք՝ ինչի համար տեղեկանամ»:
Ընտրված պատգամավորը պնդեց, թե պաշտպանելու է իր իրավունքները և հավելեց, թե գուցե առավոտյան փորձի ճշտել «Ծառուկյան» դաշինքից, թե ինչում է խնդիրը:










