Փաստաբանների ծեծի դեպքով հարուցված 2-րդ քրեական գործի շրջանակներում 3 փաստաբան տուժող է ճանաչվել

16:44 • 02.05.17

Փաստաբանների ծեծի դեպքով հարուցված երկրորդ քրեական գործի շրջանակներում երեք փաստաբան տուժող է ճանաչվել:  

Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից. «Ապրիլի 27-ին փաստաբանների միջև վեճի և ծեծի դեպքով Փաստաբանների դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի, Արսեն Հարությունյանի և Վրեժ Խաչիկյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում նրանք երեքն էլ տուժող են ճանաչվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»:

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ էր ընդունվել ՀՀ Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի և նրա երկու գործընկերներ Արսեն Հարությունյանի, Վրեժ Խաչիկյանի հաղորդումների հիման վրա հարուցված քրեական գործը:

ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե:

Երեք փաստաբանները հաղորդումներ են ներկայացրել, որ մարմնական վնասվածքներն ստացել են ապրիլի 27-ին փաստաբան Տիգրան Աթանեսյանի աշխատասենյակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Իսկ մինչ այդ, կրկին ծեծի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ՝ փաստաբան Տիգրան Աթանեսյանի հաղորդման հիման վրա, այդ գործով էլ տուժող են
ճանաչվել Տիգրան Աթանեսյանը և Արմեն Սողոմոնյանը:  

Ոստիկանությունում 2017թ. ապրիլի 27-ին հաղորդում էր ստացվել, որ նույն օրը փաստաբան Տ.Աթանեսյանի աշխատասենյակում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ծեծի են ենթարկվել Տիգրան Աթանեսյանը և նրա ընկեր Արմեն Սողոմոնյանը: