Ամերիկացի նախարարը Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ-ի հրթիռային հարվածն «ընթրիքից հետո զվարճանք» է անվանել
Միացյալ Նահանգների առևտրի նախարար Ուիլբուր Ռոսը Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ-ի իրականացրած հրթիռային հարվածն անվանել է «զվարճանք՝ ընթրիքից հետո»: Ինչպես հայտնում է The Hill-ը, այդ մասին նա հայտարարել է Լոս Անջելեսում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Ռոսը նշել է, որ «Շայրաթ» ավիաբազայի ուղղությամբ հարվածը հասցվել է, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մար-ա-Լագոյի նստավայրում հյուրընկալել էր պաշտոնական այցով ԱՄՆ-ում գտնվող Չինաստանի ղեկավար Սի Ձինփինին:
«Երբ մատուցում էին աղանդերը, նախագահն ասաց պարոն Սիին, որ նա մի բան է ցանկանում ասել, մասնավորապես այն, որ Սիրիայի ուղղությամբ 59 հրթիռ է արձակվել»,- ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ Թրամփի համար «այդ զվարճանքը ոչինչ չարժեր»:
ԱՄՆ-ն հարված է հասցրել Սիրիայի Հոմս շրջանում «Շայրաթ» ավիաբազայի ուղղությամբ ապրիլի 7-ի գիշերը: ԱՄՆ-ն 59 «Տոմահավկ» հրթիռ է արձակել՝ ի պատասխան ապրիլի 4-ին Խան-Շեյխուն քաղաքում իրականացված քիմիական հարձակման:










