Սիրիայում քիմիական հարձակման համար օգտագործել են խորհրդային արտադրության ռումբեր. Human Rights Watch
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նոր տվյալներ է հրապարակել Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին: Վերջին զեկույցի համաձայն՝ Իդլիբի շրջանում հնարավոր է՝ օգտագործվել են խորհրդային արտադրության ավիառումբեր, որոնք նախատեսված են զարինի կիրառմամբ քիմիական հարձակումներ իրականացնելու համար:
Հետազոտությունում նշվում է, որ սիրիական Խան-Շեյխուն քաղաքում արված լուսանկարները և տեսանյութերը վկայում են այն մասին, որ այնտեղ օգտագործվել են ХАБ-250 կամ ХАБ-500 ավիացիոն ռումբեր: Զինամթերքի բեկորների վրա երևում է կանաչ մակնշում, որը դրվում է հենց քիմիական զենքի վրա:
Իրավապաշպանների տվյալներով՝ սիրիական զորքերը մի քանի անգամ են կիրառել քիմիական զենք՝ դեկտեմբերի 11-ին և 12-ին արևելյան Համայում և մարտի 30-ին Համայի հյուսիսում՝ Խան-Շեյխունի մոտակայքում: Դեկտեմբերյան հարձակումները տեղի են ունեցել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հսկողության տակ գտնվող տարածքներում: Տեղի բնակիչները հայտնել են 64 զոհի մասին: Մարտի հարձակումները, ականատեսների տվյալներով, զոհերի չեն հանգեցրել, սակայն վնասվածքներ են ստացել տասնյակ մարդիկ:
Այժմ հետաքննվում է ապրիլի 4-ին Խան-Շեյխունում տեղի ունեցած հարձակումը, որի հետևանքով զոհվել է առնվազն 92 մարդ: ԱՄՆ-ն քիմիական հարձակման իրականացման համար մեղադրել է Սիրիայի իշխանություններին, և ապրիլի 7-ին ամերիկյան զինված ուժերը «Տոմահավկ» թևավոր հթրիռներով հարվածներ են իրականացրել սիրիական «Շայրաթ» ավիաբազայի ուղղությամբ:










