Բաքվում ընդդիմադիր լրագրող է ձերբակալվել
Մայիսի 2-ին 30 օրով կալանավորվել է ադրբեջանական «Ալիք-13» ինտերնետային հեռուստատեսության ղեկավար Ազիզ Օրուջևը: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 535.1 հոդվածով: Այդ մասին Turan-ին հայտնել է փաստաբան Էլչին Սադըգովը:
Նրա խոսքով՝ Ազիզ Օրուջևը ձերբակալվել է մայիսի 2-ի առավոտյան քաղաքացիական անձանց կողմից՝ կնոջ հետ միասին, ով աշխատում է նույն հեռուստաալիքում: Նրանք տեղափոխվել են Բաքվի ոստիկանության Նասիմինի շրջանային վարչություն:
Ավելի ուշ ոստիկանությունում հայտարարել են, որ Ազիզ Օրուջևը նման է եղել հետախուզման մեջ գտնվող մի մարդու:
«Մեզ ցույց են տվել հետախուզվող մարդու լուսանկարը: Նա բացարձակ նման չէ Ազիզ Օրուջևին: Դա միայն առիթ էր Ազիզ Օրուջևի ձերբակալության և ոստիկանությանը չհնազանդվելու մեղադրանք առաջ քաշելու համար»,-ասել է փաստաբանը:
Սադըգովն ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ լրագրողի ձերբակալությունն իրականացվել է մայիսի 3-ին նշվող Մամուլի ազատության համաշխարհային օրվա նախօրեին: Եվ այդ ձերբակալությունն ուղղված է հենց մամուլի ազատության դեմ, ասել է փաստաբանը:










