«Ամեն բան կախված է Թուրքիայի կառավարության որոշումից». Բեկչյանը կարող է հրաժարական տալ Պոլսո պատրիարքի տեղապահի պաշտոնից

12:28 • 03.05.17

Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնում ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը հայտարարել է, որ եթե Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների շուրջ ստեղծված ճգնաժամում մոտ ապագայում դրական տեղաշարժ չնկատվի` նա կարող է հրաժարական տալ։ Այս մասին Բեկչյանն ասել է «Հայ Ձայն»-ի հետ զրույցում:

Հիշեցնենք, որ փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություն: Ընտրությունից հետո, որում համոզիչ հաղթանակ էր տարել Բեկչյանը, Ստամբուլի նահանգապետարանն անակնկալ կերպով միջամտեց ընտրություններին: Ստամբուլի նահանգապետի տեղակալը նախքան պատրիարքարանում ընտրությունների սկսվելը գրություն է ուղարկել, որն իրավաբանորեն անհնար է համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անմիջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին է ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և հայտարարել, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից:

Բեկչյանը նշել է, որ իրավիճակը շարունակում է անկայուն մնալ, և ամեն բան կախված է Թուրքիայի կառավարության որոշումից:

«Նախքան տեղապահ ընտրվելս՝ ես չէի ենթադրում, որ նման իրավիճակում կհայտնվեմ, և եթե կառավարական մարմինների հետ բանակցությունները դրական արդյունքներ չտան` ես կարող եմ հրաժարական տալ», - ասել է Բեկչյանը, ով նաև Գերմանիայի հայ համայնքի հոգևոր առաջնորդն է:

Նշենք, որ Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի չի կարող կատարել պատրիարքի իր լիազորությունները։ Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում էր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որն ընտրված է ոչ թե համայնքի, այլ պետության կողմից:

Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչները տևական ժամանակ է՝ պահանջում էին կայացնել նոր ընտրությունների անցկացման որոշում՝ ցանկանալով իրենց առաջնորդի դերում տեսնել ոչ թե պետության կողմից նշանակված, այլ իրենց ձայների արդյունքում ընտրված անձի: