Իրաքյան Քուրդիստանում հայ համայնքը հարգել է Ցեղասպանության զոհերի հիշատակը
Իրաքյան Քուրդիստանի Զահո շրջանում գտնվող Դուհոք քաղաքում տեղի հայ համայնքը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառում է անցկացրել, այս մասին հայտնում է «Ակօսը»` հղում անելով քրդական Rûdaw կայքին:
Զահոյի հայերն իրենց հարգանքի տուրքն են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին, միջոցառմանը մասնակցել է տեղի մոտ 200 հայ ընտանիք:
Հայտնի է, որ հայերն այս շրջան են տեղափոխվել 1915-1918թթ.-ին Արևմտյան Հայաստանից` հիմնականում Մուշից, Բիթլիսից և Վանից:
Եվս 200 հայ ընտանիք ապրում է Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում: Կայքը նաև նշում է, որ տեղի հայերն իրենց մանդատներն ունեն Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանում և Դուհոքի քաղաքային խորհրդում:










