Եթե որևէ մեկը ցանկանում է նախկինում իր գրած դիմումից հրաժարվել և վերցնել մանդատը՝ այսօր այդ հնարավորությունը կա. Տիգրան Մուկուչյան
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է դիմումները, հիմա թե ինչ են հայտարարում՝ ես չգիտեմ. Tert.am-ի հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ պնդելով, թե մանդատից հրաժարված անձանց անունները հրապարակելով՝ ԿԸՀ-ն օրենքի որևէ խախտում թույլ չի տվել:
Նշենք, որ ԿԸՀ-ն հրապարակել էր այն անձանց ցանկը, ովքեր հրաժարվել են պատգամավորական մանդատից: Tert.am-ի հետ զրույցում «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված Նապոլեոն Ազիզյանը և Խաչիկ Մանուկյանը պնդում էին, թե իրենք որևէ դիմում չեն ներկայացրել և չեն հրաժարվել մանդատից: Նապոլեոն Ազիզյանը նույնիսկ պնդում էր, թե ինքը ոչ նախապես, ոչ էլ հետո որևէ դիմումի տակ չի ստորագրել:
«Իհարկե, ստորագրված են. այն անունները, որոնք հրապարակվել են, դիմումներում ստորագրված են»,-ասաց Տիգրան Մուկուչյանը:
ԿԸՀ նախագահը նաև հավելեց, որ ինքնաբացարկից և ստորագրությունից հրաժարվելու համապատասխան կարգ կա։
«Այնտեղ կարգ կա, որ եթե որևէ մեկը ցանկանում է նախկինում իր գրած դիմումը ցանկացած պահի վերցնել, հրաժարվել՝ նիստին ներկայանելով, դա իրենց իրավունքն է: Այսօր ժամը 15:00-ին նիստ է լինելու, այդ նիստին արդեն ընտրությունն ամրագրվելու է, ինչը նշանակում է, որ եթե ինչ-որ բան որևէ մեկը ցանկանում է ներկայացնել, կամ այլ դիմում ներկայացնել, պետք է մինչև այդ նիստը կամ նիստին ներկայանա և անձամբ ներկայացնի»,-ասաց նա:










