ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը մեկ տարվա ընթացքում «որսացել» է ամերիկացիների ավելի քան 151 մլն հեռախոսազանգ
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը շարունակում է զանգվածային կերպով «որսալ» ամերիկացիների հեռախոսազրույցները՝ չնայած «ԱՄՆ ազատության մասին ակտին»: Այդ մասին են վկայում Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Դենիել Կոութսի գրասենյակի ամենամյա զեկույցի տվյալները, գրում է The New York Times-ը:
Հրապարակված փաստաթղթում նշվում է, որ 2016 թվականին Ազգային անվտանգության գործակալությունն օպերատորներինց ստացել և իր բազաներում պահել է 151 230 968 հեռախոսազանգի մասին տվյալներ: Նշվում է, որ տվյալների հավաքագրումը չի նշանակում հեռախոսազրույցներում առկա տեղեկատվության ձայնագրություն, այսինքն՝ լրտեսում: Խոսքը միայն զանգերի, դրանց տևողության և զանգողների և զանգերն ընդունողների համարների մասին է:
Միևնույն ժամանակ, Reuters գործակալությունը նշում է, որ օտարերկրյա հետախուզությունների նկատմամբ հսկողության հարցերով դատարանը թույլ է տվել Ազգային անվտանգության գործակալությանը 2016 թվականին հետևել միայն ահաբեկչության համար կասկածվող 42 անձի:
2015 թվականին ամերիկյան հատուկ ծառայությունների գործունեության սահմանափակումներ է սահմանել Կոնգրեսը՝ ընդունելով «Ազատության մասին ակտը», համաձայն որի՝ դատարանը պետք է որոշի, թե արդյոք կան ահաբեկչության հետ կապերի մեջ հիմնավոր կասկածներ մարդուն լրտեսելու իրավունք ստանալու համար:










