Greenpeace-ի ակտիվիստները Լը Պենի դեմ պաստառ են կախել Էյֆելյան աշտարակի վրա (լուսանկար)
Greenpeace միջազգային հասարակական բնապահպանական կազմակերպության ակտիվիստները Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենի դեմ պաստառ են կախել Էյֆելյան աշտարակի վրա: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսով պաստառի վրա առկա է «դիմադրիր» հեշթեգը:
«Մենք ցանկացել ենք ասել, որ դեմ ենք արտահայտվում նացիոնալիզմին և ավտորիտարիզմին Ֆրանսիայում և այլ երկրներում: Սա ազատությունը, հավասարությունը և եղբայրությունը պաշտպանելու կարևորությունը բոլորին հիշեցնելու մեր միջոցն է», - ասել է Greenpeace-ի ֆրանսիական բաժնի ղեկավար Ժան Ֆրանսուա Ժույարը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքում «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը ստացել է ձայների 23.75%-ը, իսկ 2-րդ տեղում է հայտնվել«Ազգային ճակատ»-ի առաջնորդ Մարին Լը Պենը՝ 21.53%-ով: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա մայիսի 7-ին։










