ՀՅԴ-ն իշխանական կոալիցիային քաղաքական շարմ կհաղորդի. կարծիքներ

13:58 • 07.05.17

ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիան թելադրված է նոր Սահմանադրությամբ: Քաղաքագետները կարծում են, որ իշխանություն-դաշնակցություն կոալիցիոն համագործակցությունը ՀՅԴ-ին հենց  իշխանական դաշտում որպես խաղացող ամրագրելու համար է արվում:

Tert.am-ի հետ զրույցում քաղաքագետ Վիգեն Հակոբյանն ասաց, որ Ազգային ժողովում գործելու են որոշումների կայացման նոր մեխանիզմներ, որոնց անցկացման համար միայն ՀՀԿ մանդատները բավարար չեն լինի: «Կան քվեարկություններ, որոնց համար 3/5-րդ է պետք, քվեարկություններ կան, որոնց անցկացման համար ̝3/4-րդ է պետք»,- ասաց Հակոբյանը:

Նա նշեց, որ ՀՅԴ-ն իշխանական կոալիցիային որոշակի քաղաքական շարմ է հաղորդելու: «Լինելով մաքուր քաղաքական կուսակցություն, ունենալով գաղափարախոսություն, ՀՅԴ-ն կավելացնի իշխանության քաղաքական խնդիրը: Ռեսուրսների առումով իշխանությունը չի փոխվի, բայց քաղաքական իմաստով կշիռ կհաղորդվի»,- նշեց Հակոբյանը:

Քաղաքագետը շեշտեց նաև, որ իշխանությունների համար առաջիկայում բավական բարդ աշխատանք է սպասվում, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ, իսկ ՀՅԴ-ն իշխանության համար կլինի այն գործընկերը, որը Սփյուռքի հետ լավ կապեր ունենալու հաշվին կաշխատի որոշակի սցենարների նկատմամբ մեղմել Սփյուռքի դիրքորոշումը:

Քաղաքագետ Մանվել Սարգսյանն էլ այս առնչությամբ Tert.am-ին ասաց, որ այսպիսով իշխանությունները թույլ չեն տա ՀՅԴ-ն լինել ընդդիմադիր և հուշագրով կամրագրեն այս փաստը: «Բացի այդ, կառավարության մեջ ունենալով ևս մեկ կուսակցություն, կարողանում են ներիշխանական խնդիրները լուծել, ամբիցիաներ զսպել, բալանսավորել իշխանությունը»,- ավելացրեց քաղաքագետը:

ՀՅԴ-ն էլ, Մանվել Սարգսյանի խոսքով, հասկացել է, որ իշխանությունները ուզում են միասնական աշխատել, չեն ուզում հակադրվել, ուստի համաձայնել են քաղաքական կոալիցիա ձևավորելու որոշմանը:

«Երբ պետք է ՀՅԴ-ն ներիշխանական հարցերում ազդեցություն է ունենում, երբ պետք չէ՝ չի կրում: Սա է, ինչ վատ է»,- հավելեց Մանվել Սարգսյանը: