Կառավարությանը ներկայացվելիք մեր հիմնական առաջարկն այն է, որ ապօրինի ապրանք ՀՀ չմտնի. Գագիկ Դանիելյան

22:55 • 08.05.17

 

Թեև կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող «Առինջ մոլ», «Սուրմալու», «Փեթակ» առևտրի կետերի աշխատակիցներն իրենց առաջարկությունները ներկայացրել են կառավարությանը, սակայն «Հայաստանի տոնավաճառներ» ՀԿ-ն ևս պատրաստվում է առաջարկություններ ներկայացնել: Tert.am-ի հետ զրույցում այս մասին նշեց, որ ՀԿ նախագահ Գագիկ Դանիելյանը:

Հիշեցնենք, որ առևտրականների դժգոհում են, որ ՊԵԿ-ը հավասար պայմաններ չի ստեղծում բիզնես միջավայրում, մանր բիզնեսին ճնշում է: «Մեզանից ներմուծման թուղթ են ուզում, բոլոր աշխատողներին, ասում են, գրանցեք, նախազգուշացնում են տուգանելու մասին, ամսական 30-40 հազար հարկ ենք վճարում՝ ավելին են ուզում։ Թող թողեն՝ մանրերը շնչեն, թող խոշորներից էլ ներմուծման թուղթ ուզեն, ինչի՞ չեն ուզում, բարեկամ, ծանոթ, խնամի են՝ այդ պատճառով»,- Tert.m-ի հետ զրույցում պատմել էր առևտրականներից մեկը:

«Հայաստանի տոնավաճառներ» ՀԿ նախագահ Գագիկ Դանիելյանն ասաց, որ այս առումով  Կառավարություն ներկայացվելիք առաջարկությունների վրա դեռ աշխատում են, փորձում են չխանգարել առևտրականների առաջարկներին և տոներից հետո իրենցը ևս կներկայացնեն:

Նա նշեց, որ իրենց հիմնական առաջարկն այն է, որ ապօրինի ապրանք Հայաստան չմտնի: «Մենք առաջարկում ենք, որ սահմաններից ապօրինի ապրանք չմտնի: Մենք հանդիպում ունեցանք և մեզ խոստացան, որ չի մտնում և չի մտնելու, սակայն երկու օր հետո տեսանք ադրբեջանական խնձորի պատմությունը»,-ասաց նա:

Գագիկ Դանիելյանն ասաց, որ իրենց հաջորդ հիմնական առաջարկը վերաբերում է տեղական արտադրողներին ուշադրություն դարձնելուն: «Տեղական արտադրողը չի կարող պայքարել ապրանք ներկրողի դեմ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ ակնկալիք ունեն կառավարության արձագանքից, ՀԿ նախագահը նշեց. «Ինձ թվում է, որ դրական բաներ կլինեն, թեև ոչ բոլորը մեր սրտով կլինի»: Նա նշեց, որ իրենք մտահոգիչ են համարում հարկային տեսուչների պահվածքը:

«Այսօր մեր երկրում ոչ մի բանի հանդեպ էլ վստահություն չկա, անգամ մեր իշխանությունները եթե ինչ-որ լավ բան են ուզում անել, մենք ոչ մեկս լավ բան չենք տեսնում և չենք հավատում, վստահությունը կորել է»,- ասաց նա: