Մարին Լը Պենի հայրը բացատրել է դստեր կրած պարտության պատճառները
Ժան-Մարի Լը Պենը՝ «Ազգային ճակատի» նախկին առաջնորդ և Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենի հայրը, հայտարարել է, որ իր աղջիկը պարտվել է ընտրություններում Եվրոպական միության և Եվրոյի հանդեպ իր ունեցած մոտեցումների պատճառով:
«Նա եվրոյի և ԵՄ-ի հետ խնդիրներ ուներ, մինչդեռ մենք պետք է ֆրանսիացիների հետ խոսեինք երկրում դեմոգրաֆիական փոփոխության ու մասսայական իմիգրացիայի մասին»,- հայտարարել է ավագ Լը Պենը:
«Բացի այդ, աղջիկս բնավորություն ունի, որը նրանից չես խլի: Սակայն նրան անհրաժեշտ են շատ այլ հատկանիշներ»,- ավելացրել է հայրը:
Ժան-Մարի Լը Պենը հայտարարել է, որ նաև խիստ հիասթափված է, թե դուստրն ինչպես է իրեն պահել «Առաջ» շարժման իր մրցակից Էմանուել Մակրոնի հետ բանավեճի ժամանակ: Նրա խոսքով՝ նա զուր է «անձնական հարցեր» բարձրացրել՝ Մակրոնի վրա հոգեբանական ճնշում գործելով:
«Ազգային ճակատի» նախկին ղեկավարը ավելացրել է նաև, որ դստեր պարտության մեջ մեղավոր է կուսակցության ներկայիս առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն, սակայն չի բացահայտել, թե ինչու:
Հայրը Լը Պենին քննադատել է նաև իրենից խորհուրդներ չհարցնելու համար՝ ավելացնելով, որ իր թոռ Մարիոն Մարեշալ Լը Պենն ավելի կհամապատասխաներ Ֆրանսիայի նախագահի պաշտոնին:
Հիշեցնենք, որ Ժան-Մարի Լը Պենի և դստեր հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ վերջինս «Ազգային ճակատի» ղեկավարի պաշտոնից հեռացրել է սեփական հորը:










