Ռուսաստանի ԱԳՆ-ում հայտնել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորման պայմանը
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թոմաս Շենոնի հետ զրույցում հայտարարել է, որ երկու երկրների հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ է վերացնել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի իշխանության տարիներին ստեղծված խոչընդոտները, ինչպիսին է, օրինակ, Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դիվանագիտական անշարժ գույքի փաստացի բռնագրավումը: Այդ մասին հաղորդվում է Facebook-ում Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական էջում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Կայացել է հանգամանալից զրույց երկկողմ հարաբերությունների լայն շրջանակի վերաբերյալ: Ռուսական կողմն ընդգծել է, որ հարաբերությունների կարգավորման համար պահանջվում է վերացնել մի շարք խոչընդոտներ, որոնք ստեղծվել են Բարաք Օբամայի վարչակազմի օրոք, որը խախտելով միջազգային իրավունքը՝ անգամ գնացել է ԱՄՆ-ում մեր պետական սեփականություն հանդիսացող և անձեռնմխելիություն ունեցող Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների օբյեկտների փաստացի բռնագրավման»,- ասված է հաղորդագրությունում:
Կայքը հիշեցնում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը 2016 թվականի դեկտեմբերի վերջին պատժամիջոցներ է սահմանել ինը ռուսական հաստատության, ընկերությունների և ֆիզիկական անձանց դեմ՝ «ընտրություններին միջամտության» և Ռուսաստանում աշխատող «ամերիկացի դիվանագետների վրա ճնշման» համար: Բացի այդ, ԱՄՆ-ն փակել է երկու բնակելի համալիրի հասանելիությունը, որոնք ռուսական դիվանագիտական սեփականություն են:










