ՆԱՍԱ-ն և ԵՏԳ-ն ստացել են Ծովախեցգետնի միգամածության գեղեցկագույն կադրերը (շարժանկար)
ՆԱՍԱ-ի (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) և ԵՏԳ-ի (Եվրոպական տիեզերական գործակալություն) հզորագույն աստղադիտակները ստացել են հայտնի Ծովախեցգետնի միգամածության նոր կադրեր, որոնք հնարավորություն են տալիս տեսնել այս մահացած աստղի «սավանի» մանրագույն դետալները: Այս մասին հայտնում է ՆԱՍԱ-ի պաշտոնական կայքը:
«Էլեկտրամագնիսական ճառագայթման տարբեր միջակայքերում ստացված այս լուսանկարների համեմատությունը հնարավորություն է տալիս մեզ շատ նոր բան իմանալ այն մասին, թե ինչպիսի կառուցվածք ունի Ծովախեցգետնի միգամածությունը: Մենք ուսումնասիրում ենք այն արդեն մի քանի տասնյակ տարի, սակայն այն առաջվա պես իր մեջ պահպանում է շատ գաղտնիքներ և հետաքրքիր գիտական հայտնագործություններ», - պատմել է Բուենոս Այրեսի համալսարանի գիտնական Գլորիա Դուբները:
Նշվում է, որ լուսանկարները ստացվել են մեր օրերում հասանելի ամենազգայուն աստղադիտակների՝ Hubble-ի, Spitzer-ի, XMM-Newton-ի և Chandra-ի, ինչպես նաև՝ VLA ռադիոալեհավաքների միջոցով:
ՆԱՍԱ-ի հաղորդմամբ՝ այս լուսանկարների բացառիկությունն այն է, որ դրանք արվել են փաստացիորեն նույն պահին, ինչն աստղագետներին առաջին անգամ հնարավորություն է տվել տեսնել Ծովախեցգետնի միգամածության ամբողջական պատկերն էլեկտրամագնիսական ճառագայթման բոլոր միջակայքերում:
Այս լուսանկարների համեմատությունն անցած տասնամյակներին արված լուսանկարների հետ գիտնականներին թույլ կտա հասկանալ՝ ինչպես է փոխվում միգամածությունը և ինչքան են ապրում վաղուց մահացած լուսարձակների «սավանները»:











