Հայտարարվել է Nokia 3310-ի վաճառքի մեկնարկի ամսաթիվը
HMD Global ընկերությունը հայտարարել է Nokia 3310 հեռախոսի նորացված տարբերակի վաճառքի մեկնարկի ամսաթիվը: Այս մասին հայտնում է TechRadar-ը՝ հղում անելով ընկերության ներկայացուցիչներին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հեռախոսը Մեծ Բրիտանիայում կհայտնվի մայիսի 24-ին, Գերմանիայում՝ մայիսի 26-ին, Նիդեռլանդներում և Բելգիայում՝ հունիսի 5-ին: Այլ երկրներում վաճառքի վերաբերյալ տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում:
Հայտնի է, որ օրիգինալ Nokia 3310-ը թողարկվել է 2000 թվականի վերջին, և այս ընթացքում վաճառվել է ավելի քան 126 միլիոն սարք: Հեռախոսի նոր տարբերակը ներկայացվել է 2017 թվականի փետրվարին՝ Բարսելոնայում անցկացված MWC ցուցահանդեսի ժամանակ:
Հեռախոսը հագեցած է 320х240 պիքսել թողունակությամբ 2,4 դյույմանոց դիսփլեյով: Դրանից բացի, հեռախոսն ունի 2 մեգապիքսել հզորությամբ տեսախցիկ: Այն նաև կարող է աշխատել microSD տեսակի հիշողության քարտով:
Նշվում է, որ սարքը հասանելի կլինի մոխրագույն, կապույտ, կարմիր և դեղին գույներով՝ 49 եվրո գնով:










