Սուրբ Աթոռի գլխավոր արխիվի և գրադարանի տնօրենը հայտարարել է, որ Վատիկանի հայկական արխիվները բաց են հայ գիտնականների համար (տեսանյութ)

20:00 • 31.05.17

Սուրբ Աթոռի գլխավոր արխիվի և գրադարանի տնօրենը՝ Ժան-Լուի Բրյուգեն, Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանի հրավերով Էջմիածնում է: Նա բացառիկ դասախոսություն է կարդացել հիշողության ու գրքերի մասին՝ հատուկ Գևորգյան ճեմարանականների համար։ Վատիկանի գլխավոր գրադարանավարն ու արխիվավարը հայտարարել է՝ Վատիկանի հայկական արխիվները բաց են հայ գիտնականների համար:

Հարցին, թե քանի գիրք ու փաստաթուղթ է տնօրինում, Ժան-Լուի Բրյուգեն դժվարացել է պատասխանել՝ ասելով, որ ավելի հեշտ է հաշվել, թե քանի կիլոմետր են ձգվում դրանցով լի գրադարակները։ Ճիշտ 87 կմ, որի միայն մի հատվածն է ուսումնասիրված ու դասակարգված: 

«Մի մեծ պալատ գրքեր ու փաստաթղթեր են: Վերջին հարկում մեծ սրահներ ունենք, որտեղ սեղանների վրա դրված են դեռևս 18-րդ դարում մեր գրադարանին նվիրաբերված գրքերը: Դրանք դեռ ոչ ոք չի բացել, առավել ևս՝ դասակարգել»,-ասել է Ժան-Լուի Բրյուգեն: 

Ամեն տարի 15 հազար գիտնական է այցելում Հռոմի Սուրբ Աթոռի գրադարան ու արխիվներ՝ վայր, որտեղ պահպանվում է աշխարհի ամենահին ձեռագիր ավետարանը՝ գրված պապիրուսի վրա, վայր, որտեղ պահպանվում է մարդկության հիշողությունը:

«Մարդկությանը ոչնչացնելու համար նրա մարմինն են սպանում: Բայց երբ ուզում են ոչնչացնել նրա հոգին, արխիվներն ու գրադարաններն են վառում: Իմ եզրակացությունը հետևյալն է՝ այն անձը, որ կորցրել է իր հիշողությունը, չի կարող նույնականացնել իրեն և քայլել դեպի ապագա: Դա ճիշտ է նաև ժողովուրդների համար, դա ճիշտ է նաև պետությունների համար: Ով մոռանում է անցյալը, դատապարտված է այն կրկնելուն», -ճեմարանականներին ասել է Ժան-Լուի Բրյուգեն: 

Հայաստան գալուց առաջ Սուրբ Աթոռի արխիվավարը խնդրել էր առանձնացնել հայերին վերաբերող փաստաթղթերը: Նա չափազանց կարևորներից առանձնացնում է 15-ը. ամենահին փաստաթուղթը թվագրվում է 11-րդ դարով՝ 1080 թվականով: Այնտեղ են նաև Ցեղասպանության ժամանակ Հռոմի Պապի նամակները` ուղղված Թուրքիայի իշխանությանն ու հայերին: Արխիվի հայկական հատվածը քիչ է ուսումնասիրված: 

«Ես նաև այստեղ եմ, որպեսզի բոլորի համար բացահայտեմ, որ Վատիկանի գրադարանն ու արխիվները, որ այդքան հարուստ են նյութերով, բաց են բոլորի առաջ: Եթե կան երիտասարդ գիտնականներ, որոնք կցանկանային աշխատել մեզ մոտ, ես նրանց գրկաբաց կընդունեմ: Եվ եթե գտնվի այդ խիզախը, որը կգա ու կաշխատի մեզ մոտ, ես նրան ցույց կտամ հատկապես ձեռագրերի ֆոնդում առանձնացված երկու բաժինները՝ Բորջիանի Արմենի և Վատիկանի Արմենի: Այնտեղ դեռ ամեն ինչ չէ, որ դասակարգված է և ուսումնասիրված», - նշել է Ժան-Լուի Բրյուգեն: