Քաթարի էմիրը մտադիր չէ մեկնել Վաշինգտոն` ճգնաժամի կարգավորման բանակցությունների համար
Քաթարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ ալ-Թանին մտադիր չէ հեռանալ երկրից, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով մեկնել Վաշինգտոն: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով Քաթարի իշխանությունների պաշտոնական ներկայացուցչին:
«Էմիրը չի ծրագրում հեռանալ Քաթարից, քանի դեռ երկիրը մեկուսացման մեջ է գտնվում», - ասել է գործակալության աղբյուրը:
Թրամփը Քաթարին և վերջինիս հետ հարաբերությունները խզած երկրներին օգնություն է առաջարկել տարաձայնությունների կարգավորման հարցում: Սպիտակ տան հաղորդմամբ` այս մասին Թրամփը հայտարարել է Քաթարի էմիրի հետ հեռախոսազրույցի ժամանակ:
Հիշեցնենք, որ վերջին մի քանի օրում էմիրության շուրջ ծագած ահաբեկչության ֆինանսավորման մասին սկանդալի պատճառով Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել են Եգիպտոսը, Եմենը, Բահրեյնը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Մավրիտանիան, Մավրիկիոսը, Լիբիան, Մալդիվները և Կոմորյան կղզիները:










