Համայնքների խոշորացման մեջ վտանգ չկա, արտագաղթին չի նպաստի. Ռաֆիկ Գրիգորյան (տեսանյութ)
ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր, Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը չի կարծում է, որ համայնքների խոշորացումը կնպաստի արտագաղթին և փոքր գյուղերը կուլ կգնան խոշորներին, ֆինանսական լուրջ խնդիրներ կլինեն:
Tert.am-ի հետ զրույցում նախկին մարզպետն ասաց, որ ծրագրի վերաբերյալ բազմաթիվ առաջարկություններ է ներկայացրել դեռ մարզպետ եղած ժամանակահատվածում:
«Ծրագիրը ողջունելի է և մենք պետք է գնանք խոշորացման: Հաջորդ ընտրվելիք ավագանուց, համայնքի ղեկավարից շատ բան կախված կլինի: Նրանք առաջին հերթին պետք է կազմեն 5 ամյա զարգացման ծրագիրը և ամեն տարի համայնքի ավագանիները միջոցով պետք է կազմվի տարեկան բյուջեն: Կառավարությունը, ի դեմս Տարածքային կառավարման նախարարության, մանրամասն ուսումնասիրում են, հետո են ծրագիրը հաստատման առաջարկում, կարծում եմ՝ վտանգ չկա»,-մանրամասնեց նա:
Անդրադառնալով հարցին՝ եթե ծրագիրը ողջունելի, ապա ինչո՞ւ են Սոթքի գյուղացիները 2 օր ճանապարհ փակում, համայնքապետերն ինչո՞ւ են դեմ, Ռաֆիկ Գրիգորյանը ասաց. «Սոթքի հետ կապված տարբեր կարծիքներ կան, ես այդ հարցը բարձրացրել եմ, կառավարության ներկայացուցիչները ասացին, որ Վարդենիսում են, այդ հարցն են քննարկում, երկրորդ ընթերցման ժամանակ հարցը կքննարկվի, համբերենք, տեսնենք՝ ինչ կլինի»:
Պատասխանելով հարցին, թե արդյոք չե՞ն ոտնահարում համայնքի բնակիչների քվեարկության արդյունքները, գյուղապետերին դարձնելով վարչական ներկայացուցիչներ Ռաֆիկ Գրիգորյանը ասաց. «Տարբեր ձև կարելի է մեկնաբանել, խախտում կա թե չկա, տարբեր ձև կարելի է քննարկել: Սա թողենք սահմանադրագետներին և իրավաբաններին»:
Ըստ նրա՝ խոշորացումը իրականացվում է նաև միջազգային փորձից ելնելով:
Մանրամասները՝ տեսանյութում:










