Ասադն իր աջակցությունն է հայտնել Ռոհանիին ահաբեկչության դեմ պայքարում

20:46 • 08.06.17

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը համերաշխություն է հայտնել Իրանի ժողովրդին նախօրեին Թեհրանում իսլամիստների իրականացրած ահաբեկչություններից հետո` նշելով, որ երկու պետությունները, ի վերջո, հաղթելու են արհավիրքի դեմ պայքարում:

Ինչպես տեղեկացնում է Press TV-ն, այս մասին սիրիացի առաջնորդն ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հինգշաբթի տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ:

Ասադը շեշտել է, որ կանգնած է Իրանի կողքին ահաբեկչության դեմ պայքարում: Ռոհանին, իր հերթին, ընդգծել է, որ նախօրեին Թեհրանում կատարվածը չի կարող խախտել Իրանի վճռականությունը ահաբեկչության դեմ պայքարելու հարցում:

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին ահաբեկչական հարձակումներ են իրականացվել Իրանի խորհրդարանի շենքում և Իմամ Խոմեյնիի դամբարանում, որոնց հետևանքով 17 մարդ զոհվել է, մոտ 50-ը` վիրավորվել: