Ավտոբուսի վթարից տուժած Թումոյի սանն ազատվել է Հեպատիտ Ց-ի վիրուսից. Անահիտ Հայթայան
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 2016 թվականին ավտոբուսի պայթյունից տուժած Թումոյի սաներից մեկը, ում մոտ ավելի ուշ Հեպատիտ Ց-ի վիրուս էր հայտնաբերվել, բուժվել է:
Անահիտ Հայթայանի գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ. «2016 թվականի ապրիլին ավտոբուսի պայթյունից տուժածների թվում էին Թումոյի 2 սաներ՝ Է. Գ.-ն և Ռ. Խ.-ն։ Նրանք ստացել էին բազմաթիվ վնասվածքներ։ Մեր բժիշկների անձնուրաց և արհեստավարժ գործունեության արդյունքում դեռահասների առողջական վիճակը աստիճանաբար կարգավորվեց։ Սակայն հերթական հետազոտությամբ պարզ դարձավ, որ երկու դեռահասն էլ վարակվել են հեպատիտ Ց վիրուսով։
Նրանք, ըստ միջազգային ուղեցույցների, հսկվել են ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետների կողմից, կազմակերպվել է հեպատիտ Ց վիրուսի կողմից առաջացրած լյարդի փոփոխությունների հետազոտություններ։
Դեպքից մեկ տարի հետո Թումոյի սաները հետազոտվել են վերջնականապես, որի արդյունքում դեռահասների մոտ ախտորոշվել է քրոնիկ վիրուսային հեպատիտ Ց։ Նրանց առաջարկվել է երեքամսյա տևողությամբ հակավիրուսային բուժում նորագույն դեղամիջոցներով։
Կարևոր է նշել, որ երկու երեխայի բոլոր հետազոտությունները և խորհրդատվությունները ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ և մշտական հսկողությամբ կազմակերպվել են անվճար։ Բուժումը կազմակերպվել է հովանավորների կողմից հատկացված դեղամիջոցներով՝ կրկին անվճար հիմունքներով։ Ցավոք, հիվանդներից Ռ. Խ.-ի մայրը հրաժարվել է տղայի բուժումից։
ՀՀ ԱՆ Գլխավոր լյարդաբան Հասմիկ Ղազինյանն ուրախությամբ տեղեկացնում է, որ Է. Գ.-ի մոտ բուժման առաջին ամսում ստացվել է դրական արդյունք՝ տղան ազատվել է վիրուսից»։
Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլի 25-ի երեկոյան, Երևանի Հալաբյան փողոցում տեղի էր ունեցել ավտոբուսի պայթյուն: 63 ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի մեղավորը 55-ամյա Ռուբեն Բալյանն էր՝ նախկինում երկու անգամ դատապարտված: Հալաբյան փողոցում 63 համարի ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով Ռուբեն Բալյանից բացի մահացել էր նաև ավտոբուսում գտնվող 37-ամյա Արմեն Հովհաննիսյանը, վեց անձինք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Առավել ծանր մարմնական վնասվածներ էին ստացել 2 դեռահասներ:










