Որքան էլ երեկվա երկրաշարժը շատերը զգացել են, այն միջազգային ու ՀՀ չափանիշներով ուժեղ երկրաշարժ չէր. Հրաչ Պետրոսյան

21:11 • 08.06.17

Թե՛ միջազգային դասակարգմամբ, թե՛ Հայաստանի Հանրապետության «Սեյսմիկ պաշտպանության մասին օրենքով»՝ հունիսի 7-ին Վրաստան-Ադրբեջան սահմանին գրանցված երկրաշարժը չի համարվում ուժեղ, չնայած այն զգալի է եղել անգամ մայրաքաղաքի բնակիչների համար, և հնարավոր են շենք-շինությունների վնասվածքներ՝ ճաքերի տեսքով:

Tert.am-ի հետ զրույցում իր մասնագիտական կարծիքը հայտնեց Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետ Հրաչ Պետրոսյանը՝ հիմնավորելով, թե ինչու. «Ուժեղ երկրաշարժ է համարվում 5,5 մագնիտուդ և ավելի ուժգնությամբ երկրաշարժը, ըստ Ռիխտերի սանդղակի և 7 բալից ավելի՝ էպիկենտրոնային գոտում»:

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրել էին, որ Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում գրանցված երկրաշարժը զգացվել էր նաև Նոյեմբերյան, Իջևան, Բերդ, Ալավերդի, Դիլիջան քաղաքներում՝ 4-5 բալ, Ստեփանավան, Տաշիր, Սևան և Ճամբարակ քաղաքներում՝ 4 բալ, Վանաձոր, Սպիտակ, Գավառ և Վարդենիս քաղաքներում՝ 3-4 բալ, Երևան, Գյումրի, Հրազդան, Աբովյան, Չարենցավան և Ապարան քաղաքներում՝ 3 բալ, Վաղարշապատ, Արտաշատ, Եղեգնաձոր և Ջերմուկ քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ից մինչև 7-ը Սեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԾ) սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել էր 20 երկրաշարժ: Մասնավորապես, թույլ երկրաշարժերի պարս է տեղի է ունեցել Կոտայքի մարզում:

Իսկ ընդհանուր, մեր տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 6 երկրաշարժ, որոնցից ամենաուժեղը՝ հունիսի 7-ին:

Հիշեցնենք, որ ստորգետնյա ցնցումները զգացվել են հետևյալ բնակավայրերում՝ Նոյեմբերյան, Իջևան, Բերդ, Ալավերդի, Դիլիջան` 4-5 բալ, Ստեփանավան, Տաշիր, Սևան և Ճամբարակ` 4 բալ, Վանաձոր, Սպիտակ, Գավառ և Վարդենիս` 3-4 բալ, Երևան, Գյումրի, Հրազդան, Աբովյան, Չարենցավան և Ապարան` 3 բալ, Վաղարշապատ, Արտաշատ, Եղեգնաձոր և Ջերմուկ` 2-3 բալ ուժգնությամբ:  

Մյուս երկրաշարժերը գրանցվել են Ադրբեջանում, Իրանում (Խոյ), Թուրքիայում (Վան, Արդահան), Դաղստանի Հանրապետությունում:

Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետ Հրաչ Պետրոսյանը նկատեց, որ ծառայությունում գործող շուրջօրյա օպերատիվ հերթապահության տվյալները չեն վկայել տարածաշրջանում սեյսմիկ ակտիվության և կամ սեյսմիկ ռեժիմի զարգացման մասին:

«Մենք միշտ զգոն ենք։ Դա մեր առօրյան է, որևէ արտառոց բան ես չեմ կարող ասել»,-ասաց նա: Ըստ Հրաչ Պետրոսյանի՝ հունիսի 7-ին հետցնցումներ չեն գրանցվել:

Հրաչ Պետրոսյանը, ի պատասխան հարցի, թե գրանցված շոգ եղանակը չի՞ բարձրացնում արդյոք երկրաշարժի վտանգը, միանշանակ «ոչ» ասաց: