Գյումրիում 2-3 անձանց միջև ծեծկռտուքի տեսագրություն կա, բայց կրակոցի վերաբերյալ որևէ տվյալ չունենք. Շիրակի մարզի դատախազ

11:17 • 09.06.17

 

Հունիսի  8-ին երեկոյան Գյումրու կենտրոնում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում: Կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: 

Լրատվամիջոցի հարցին, թե հունիսի 8-ի  երեկոյան Գյումրու «Թատերական» հրապարակում տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում կրակոցներ հնչե՞լ են, Գաբրիելյանը պատասխանել է, որ կրակոցների վերաբերյալ որևէ տեղեկություն չկա: 

«Ես զարմանում եմ, թե լրատվամիջոցներն այդ ինֆորմացիան որտեղից են վերցրել: Մենք կրակոցների մասին ինֆորմացիա, բացի այն, ինչ կա լրատվամիջոցներում, չունենք:  Խնդրում եմ՝ եթե կան  նման քաղաքացիներ, ովքեր այդ միջադեպի ժամանակ  լսել են կրակոցներ, թող տեղյակ պահեն իրավապահ մարմիններին»,- նշել է Շիրակի մարզի դատախազը՝ փաստելով, որ այդ դեպքի հետ կապված արդեն կան տեսագրություններ: 

«Կա տեսագրություն, որտեղ երևում է, որ 2-3 անձանց միջև տեղի է ունենում  ծեծկռտուք, բայց կրակոցի վերաբերյալ որևէ տվյալ չկա: Այդ տեսագրությունից արդեն պարզ են տվյալ անձինք, բայց, քանի որ տվյալ անձինք այս պահին չեն հայտնաբերվել,  նրանց ինքնության վերաբերյալ որևէ տեղեկություն չենք կարող տալ»,-նշել է Կարեն Գաբրիելյանը:

Դատախազը հորդորել է այն անձանց, ովքեր ունեն տեղեկություն, որ կրակոցներ են հնչել կամ ականատես են եղել  կամ ունեն այլ տվյալներ, ներկայանան ոստիկանության կամ իրավապահ ցանկացած բաժին և ներկայացնեն հաղորդում: